TOP նոր
» » » Հարիսայի փառատոն-2018-ը մեկնարկեց Մառնեուլի շրջանի Ախքյորփի գյուղում

Հարիսայի փառատոն-2018-ը մեկնարկեց Մառնեուլի շրջանի Ախքյորփի գյուղում

5-02-2018, 20:37 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
5 Փետրվար 2018, 20:37 - NovostiNK
Հարիսայի փառատոն-2018-ը մեկնարկեց Մառնեուլի շրջանի Ախքյորփի գյուղում

Վիրահայոց թեմում բարի ավանդույթ է դարձել Բուն Բարեկենդանը նշել հարիսայի փառատոնով: Այս տարի նույնպես ավանդույթը կպահպանվի, բայց առավել լայնամասշտաբ և բազմաբնույթ:

2018 թվականի փետրվարի 4-ին, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցու լուսարարապետ Արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանի աջակցությամբ, Մառնեուլի շրջանի Ախքյորփի հայաբնակ սահմանամերձ գյուղում մեկնարկեց հարիսայի փառատոնը:

Դեռևս նախորդ օրը, Տեր Մանուկ քահանան երեցկնոջ, Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության ակտիվ անդամ, Սուրբ Մովսես Խորենացի նախակրթարանի ուսուցչուհի Անի Զեյնալյանի հետ ուղևորվեց գյուղ:

Այստեղ մինչև լուսաբաց երեցկնոջ գլխավորությամբ, տեղի կանանց հետ միասին պատրաստեցին հարիսա:

Գյուղամեջ էին հավաքվել տեղացիները՝ մեծից փոքր: Նախատոնական իրարարանցում էր. կանայք խառնում էին կրակի վրա եփ եկող հարիսայով լի կաթսաները, տղամարդիկ հետևում էին կրակին, իրար կողք-կողքի դասավորում սեղանները, իսկ տարեցները հիշում էին մուսալեռցիների հարիսայի մասին: Առավոտյան 1861 թվականի կառույց Սուրբ Աստվածածին մատուռում մոմեր վառելուց և աղոթք անելուց հետո ախքյորփեցիներին միացան Թբիլիսիից ժամանած «Շուշանիկ» միության անդամները և թեմի աշխատակիցները:

Դիմելով հավաքված հասարակությանը, Տեր Մանուկ քահանան, քարոզի խոսք ասաց Բուն Բարեկենդանի օրվա խորհրդի մասին, փոխանցեց Վիրահայոց թեմի առաջնորդի օրհնությունը և շնորհավորանքը հարիսայի տոնի կապակցությամբ: Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը անդրադարձ կատարեց հարիսայի փառատոնի պատմությանը, խոսեց հայ ազգային խոհանոցը որպես ազգային մշակույթի մաս պահպանելու և արդիականացնելու, քրիստոնեական տոները իրենց ավանդույթներով և սովորություններով նշելու և սերունդներին փոխանցելու անհրաժեշտության մասին: Հույս հայտնեց, որ Բուն Բարեկենդանը հարիսայով նշելու սովորությունը կհաստատվի նաև այս գյուղում:

Տեղացիների անունից գյուղապետ Գիգոլ Աթաբեկյանը շնորհակալություն հայտնեց իրենց կյանքը աշխուժացնելու համար: Գյուղապետը նշեց, որ կենտրոնից կտրված և բազում խնդիրներ ունեցող գյուղում յուրաքանչյուր տեղաշարժ դեպի դրականը հուսադրող է:

Համատեղ ասված Տերունական աղոթքից հետո, Տեր Մանուկ քահանան օրհնեց աղը և լցրեց հարիսայով լի հսկայական կաթսաների մեջ: Գյուղի տիկնանց և աղջիկներին միացան Թբիլիսիից ժամանած կանայք ու ծայր առավ հարիսայով հյուրասիրությունը:

Ուրախ էին կանայք, բարձր էր երեխաների տրամադրությունը, իսկ գյուղի տղամարդիկ ոգևորված համտեսում էին յուղալի և համեղ հայկական այս ճաշատեսակը:

Երևույթից գոհ էին թբիլիսիից ժամանած հյուրերը, վերաբերմունքից ոգևորված էին տեղացիները, զգալով Վիրահայոց թեմի առաջնորդի մշտական ուշադրությունը գյուղի նկատմամբ և որոշումը հարիսայի տոնակատարությունը շուրջ 300 տարվա պատմույուն ունեցող, Հայաստան-Վրաստանի սահմանին գտնվող, դժվարանցանելի ճանապարհով կենտրոնից կտրված այս գյուղից սկսելու մասին: Հարիսա ուղարկվեց նաև տկարներին և ծերերին, Տեր Մանուկ քահանան մի քանի անկողնային հիվանդների այցելեց, հարիսա հյուրասիրեց և բժշկության աղոթք արեց:

Տեղացիները իրենց երախտագիտությունը հայտնեցին հոգևոր հորը և երեցկնոջը փառատոնի իրականացմանը աջակցելու և կազմակերպելու համար: Ախքյորփեցիների կողմից նույնպես կազմակերպվեց հյուրասիրություն:

Հարիսայի փառատոնը թեմական միջոցառում է և մեկշաբաթյա տևողությամբ, փետրվարի 4-ից տասը նման միջոցառումներ են նախանշված Սամցխե-Ջավախքի, Քվեմո Քարթլիի տարածաշրջաններում ու Վրաստանի մյուս հայաբնակ վայրերում: Եզրափակիչը կլինի Բուն Բարեկենդանի օրը, փետրվարի 11-ին, Վիրահայոց թեմի բոլոր կենտրոններում միաժամանակ իրականացվող փառատոնը:


Աղբյուրը՝ Armenianchurch.ge

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS