TOP նոր
» » » Թբիլիսին՝ թումանյանական և կոմիտասյան շնչով. փետրվարի 19-ին կտրվի հոբելյանական տարվա մեկնարկը

Թբիլիսին՝ թումանյանական և կոմիտասյան շնչով. փետրվարի 19-ին կտրվի հոբելյանական տարվա մեկնարկը

15-02-2019, 10:38 Դիտումներ: Տարածաշրջան » Վրաստան
15 Փետրվար 2019, 10:38 - NovostiNK
Թբիլիսին՝ թումանյանական և կոմիտասյան շնչով. փետրվարի 19-ին կտրվի հոբելյանական տարվա մեկնարկը

Հայ մեծանուն բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի և անվանի երգահան Կոմիտասի ծննդյան 150-ամյակները Թբիլիսիում ևս կնշանավորվեն հոբելյանական միջոցառումներով:

Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի նախագահությամբ ստեղծվել է հոբելյանական միջոցառումները համակարգող ներկայացուցչական հանձնախումբ՝ ներգրավելով թեմի պատկառելի հայորդիներին:

Համագործակցելով Վրաստանում ՀՀ դեսպանության, Հայաստանի և Վրաստանի կրթության, գիտության և մշակույթի նախարարությունների, Վրաստանի տեղական ինքնակառավարման մարմինների, Երևանի Հովհաննես Թումանյանի թանգարանի, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետհայդրամ թատրոնի, Վրաստանի գրողների միության և այլ մշակութային հաստատությունների հետ, 2019 թվականի ընթացքում նախատեսվում են հոբելյանական միջոցառումներ անցկացնել մայրաքաղաք Թբիլիսիում և տարածաշրջաններում:

Ինչպես տեղեկացրին Վիրահայոց թեմի մամլո և լրատվության ծառայությունից, աշխատանք է տարվում Հովհաննես Թումանյանի քառյակները և հեքիաթները վրացերեն թարգմանելու, տպագրելու և հանրությանը ներկայացնելու ուղղությամբ: Կոմիտաս Վարդապետի հոբելյանին նվիրված, ծրագրվում են համերգային ձեռնարկներ Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլու անվան պետական կոնսերվատորիայում, Խորհրդարանի գրադարանում, Թբիլիսիի քաղաքային դումայի պատմական շենքում և այլ հարգի հաստատություններում:

Ծրագրված է Թբիլիսիի «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոնում գարնանը կազմակերպել Թումանյանի գրքերի տարբեր լեզուներով թարգմանությունների, Թումանյանին նվիրված արխիվային կարևոր նյութերի ցուցադրություն:

Նամակ է հղվել Վրաստանի կրթության, գիտության և մշակույթի նախարարի անունով՝ հոբելյանական տարվա ընթացքում Վրաստանի հայերենով ուսուցման հանրային դպրոցներում հայ ժողովրդի երկու արժանի զավակներին նվիրված միջոցառումներ կազմակերպելուն, ինչպես նաև վրացի և մյուս ազգերի դպրոցականներին Թումանյանի և Կոմիտասի ժառանգությանը և մեծ վաստակին ծանոթանալուն օժանդակելու և խրախուսելու խնդրանքով:

Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, տեղի կունենա երկու ժողովուրդների բարեկամության ջատագովի հոբելյանական անդրանիկ միջոցառումը: Ժամը 16:30-ին Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում Թումանյանի շիրիմի մոտ կկատարվի հոգեհանգստի կարգ, այնուհետև գիրք նվիրելու ավանդական արարողություն: Ժամը 18:00-ին Վրաստանի Խորհրդարանի ազգային գրադարանի մեծ սրահում կկայանա գեղանկարիչ Թենգիզ Միկոյանցի անհատական ցուցահանդեսը «Թումանյանի հետքերով», իսկ այնուհետև գրական, գեղարվեստական երեկո: Թումանյանի մասին բանախոսությամբ հանդես կգա Երևանից հրավիրված բանասեր, թումանյանագետ Սուսաննա Հովհաննիսյանը, ինչպես նաև դերասաններ, ասմունքողներ, երգչախումբ, մենակատարներ:

Մեծանուն հայորդիների հոբելյանական միջոցառումները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում:


Աղբյուրը՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS