TOP նոր
» » » «Դանակով խաչեր էին կտրել մարմինների վրա». Մարաղայի կոտորածը՝ ականատեսների վկայությամբ

«Դանակով խաչեր էին կտրել մարմինների վրա». Մարաղայի կոտորածը՝ ականատեսների վկայությամբ

10-04-2020, 11:42 Դիտումներ: Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան, ՕՐՎԱ ԹԵՄԱ
10 Ապրիլ 2020, 11:42 - NovostiNK
1992թ. ապրիլի 10-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) և ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի (ՄՀՆՋ-ՕՄՕՆ) զինված ստորաբաժանումները Թարթառից հարձակվեցին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի վրա ու այնտեղ իրականացրին զանգվածային ջարդեր։ «Դա կտտանքների և դաժանությունների վայր էր՝ նման Գողգոթային»,- այսպես է նկարագրել Մարաղան՝ կոտորածից հետո գյուղ այցելած Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը։

«Դանակով խաչեր էին կտրել մարմինների վրա». Մարաղայի կոտորածը՝ ականատեսների վկայությամբ


ԱՐՄԵՆՊՐԵՍ

Մարաղայում ջարդերի ականատեսները պատմում են, որ առավոտյան՝ ժամը 5:30-6:00-ի սահմաններում սկսվել է ուժեղ հրետակոծություն։ «Կրակում էին տարբեր տեսակի հրետանային զենքերից, «Գրադ» կոչվող զենքից և ծանր հրետանուց, տանկերից… Տեխնիկայից հետո գյուղ էին մտնում ՕՄՕՆ-ականները, դրանից հետո էլ մեծ խմբերով տարբեր մեքենաներով թալանչիները: Իրենց ճանապարհին ով պատահում էր՝ ծեր, երեխա, կին, չէին խնայում ոչ ոքի: Բոլորին մորթում էին: Աչքովս տեսել եմ ամբողջը: Մորթում էին, երեխաներին տանում էին գերի», - պատմում է Մարաղայի ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարի օգնական Վլադիկ Ավագյանը։

Ինքնապաշտպանական ուժերը համառորեն դիմադրում են առաջին երկու հարձակումներին, սակայն կեսօրին ադրբեջանական ուժերը ներգրավում են նաև տանկեր և այլ զրահատեխնիկա, ինչը գրեթե սպառազինություն չունեցող կամավորականներին ստիպում է նահանջել։ Ընդամենը մի քանի ժամ մնալով գյուղում՝ նրանք ավերակների են վերածում Մարաղան։ Բնակչության մեծամասնությանը հաջողվել էր լքել գյուղը, սակայն մի մասը՝ հիմնականում ամենաանօգնականները՝ տարեցներ, հաշմանդամներ, կանայք ու երեխաներ, չէին հասցրել փախչել և մնացել էին գյուղում։ Գյուղը լքել չհասցրած շուրջ 50 բնակիչ դաժանաբար սպանվում, անդամահատվում ու ողջակիզվում է, իսկ 49 անձ՝ գերեվարվում։ Գերեվարվածների մի մասը հետագայում վերադարձվում է, իսկ 19 մարդու ճակատագիր մինչ օրս անհայտ է:

Մարաղայի խաղաղ բնակչությունը դարձավ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական զոհը. գյուղի բնակիչները սպանվեցին միայն ազգային պատկանելիության՝ հայ լինելու համար։ «...Ձեզ պետք է մինչև վերջին մարդը ոչնչացնենք, Ղարաբաղը մերն է, դուք պետք է ոչնչանաք, ոչ թե տեղափոխվեք. պետք է ձեզ բոլորիդ ոչնչացնենք, Ղարաբաղը մերն է և այստեղ կապրենք մենք… Անընդհատ հայհոյում էին հայերին: Ասում էին դուք հարամ եք, դուք հայ եք, դուք կեղտոտ եք: Տհաճությամբ, վերևից ու թշնամանքով էին նայում»,– հիշում է հրաշքով փրկված, բայց միևնույն ժամանակ ջարդերի արդյունքում հարազատներին, այդ թվում՝ քրոջը, կորցրած Կարինե Պողոսյանը: Կարինեին իր երկու մանկահասակ երեխաների (տղան 3 տարեկան էր, աղջիկը՝ 1 տարեկան 4 ամսական), սկեսրայրի ու հարևանների հետ գերեվարել էր։ Սկզբում նրան ու տղային են փոխանակել, իսկ 1 տարի 7 ամիս անց՝ դստերը, որն այդ ժամանակ արդեն 3 տարեկան էր: Կարինեի և նրա քրոջ՝ Զարինեի ամուսինները մինչ օրս համարվում են անհայտ կորած։

Մարաղայի նախկին բնակիչ Արայիկ Գրիգորյանն էլ նշում է, որ դաժանորեն ոչնչացվել են նույնիսկ հային պատկանող տունն ու կենդանին։ «Մտել են գյուղ, եթե նույնիսկ տանը մարդ չի եղել, բայց հայի տուն է եղել, զուտ, որ հայի տուն է, հայի հող է, այնպիսի դաժանությամբ են վերաբերվել, որ պատկերացնել անգամ չի կարելի։ Այդ կենդանին, բակում [եղած] շունը, եթե հայի է, այնպիսի դաժանությամբ են վերաբերել, որ անպատկերացնելի մի բան է»։

Հրաշքով փրկվածները Մարաղայի կոտորածում նկատել են թուրք դահիճների ձեռագիրը։ «Մեկի վիզն էին կտրել, մեկին մարմնի երկայնքով դանակահարել, խաչ կտրել ճակատին, կրծքավանդակին։ Որտեղ պատահել էր մարմինների վրա դանակով խաչեր էին նկարել… Մի փոքր երեխայի սպանել էին ու դրել մոր կրծքին, որին ևս խոշտանգումների ենթարկելով սպանել էին։ Գրեթե բոլոր դիակների վրա խաչեր կային»,- վկայում է 1992թ.-ին իր ջոկատի հետ հայրենի գյուղի ինքնապաշտպանությունը ստանձնած, Արցախի Մարտակերտի շրջանի Նոր Մարաղա գյուղի նախկին համայնքապետ Ռոմա Կարապետյանը։

Հայրենի գյուղի կոտորածը Հայոց ցեղասպանության պատկերն է հիշեցրել նաև Միլետա Գաբրիելյանին. «Որ փախչում էինք, հիշում եմ, որ ողջ ժողովուրդը՝ դաշտով մեկ ցրված, շարք-շարք, ոնց որ 1915թ. Ցեղասպանության ֆիլմերում, որ ժողովուրդը շարքերով փախչում են: Նայում ես նկարին՝ նույն այն կերպ էր»:

Ադրբեջական զինված ուժերը գյուղում մնում են ընդամենը մի քամի ժամ, իսկ արդեն կեսգիշերին հայկական ինքնապաշտպանական ջոկատներն ազատագրում են Մարաղան։ Մարաղացիները հավաքում են համագյուղացիների մարմինները և հողին հանձնում։ Հարևան գյուղերում պատսպարված բնակչության մի մասը, լսելով գյուղի ազատագրման մասին, վերադառնում է՝ մասնակցելու համագյուղացիների ու հարազատաների հուղարկավորությանը: Նախքան գյուղ հասնելը՝ նրանք չէին էլ կարող պատկերացնել իրենց սպասող տեսարանի ահավորությունը։

«Փողոցներով արյան գետեր էին հոսում։ Մի լափեդ [տրակտորի կցորդ] եմ տեսնում, մեջը լրիվ կոտորված մարդիկ… ինչ ասես արել են, նույնիսկ դանակով խաչեր… Մարդ կա բերել են գյուղի կենտրոն, վիզը կտրել, կախել … Տարեցներին ողջակիզել են, աղջիկներին, կանանց ինչ ասես արել են…»,- վկայում է կոտորածի ականատես Էլմիրա Սահակյանը։

Կտտանքների ու տարատեսակ բռնությունների են ենթարկվել նույնիսկ գերիները։ Հայկական կողմի ջանքերով հետ վերադարձված գերիները, նրանց հարազատներն ու ծանոթները փաստում են, որ գերիներին ստիպել են աշխատել, բռնաբարել են կանանց և աղջիկներին, մարմիններն այրել ծխախոտներով․ «...Փոխանակումից հետո [տեսանք, որ] մի աղջկա մարմինն ամբողջությամբ ծխախոտով վառել էին, հետքերը մնում էր։ Եվ այս ամենն այն պատճառով, որ նրանք հայեր էին...», - հիշում է Էլմիրա Սահակյանը։

«Նոր Գողգոթա»-ն, ինչպես այս սարսափելի դեպքերն անվանել է բարոնուհի Քերոլայն Քոքսը, այդպես էլ մնաց անպատիժ ու չդատապարտվեց միզազգային հանրության կողմից՝ ծնելով նոր կոտորածներ և հանցագործոություններ։ Մարաղայի կոտորածը ոչ միայն չդատապարտվեց, այլ, ընդհակառակը, խրախուսվեց Ադրբեջանի կողմից. կոտորածից հետո մարտական գործողություններ իրականացրած «Գուրթուլուշ» ջոկատի հրամանատար Շահին Թաղիևը, մի շարք այլ զորահրամանատարներ և զինծառայողներ Ադրբեջանի նախագահի հրամանագրով պարգևատրվեցին «ազգային հերոսի» կոչմամբ՝ դառնալով արդեն անկախ Ադրբեջանի առաջին «հերոսները» և օրինակ ծառայելով Ռամիլ Սաֆարովի, 2016 թ Ապրիլյան պատերազմի ռազմական հանցագործների և առհասարակ ադրբեջանական երիտասարդության համար։

Ականատեսների վկայությունները վերցրված են Maragha.org և Karabakhrecords.info կայքերից։ Թեմայի շուրջ փաստական ու արխիվային այլ տեսանյութեր ու տվյալներ կարող եք գտնել նշված կայքերում։

Գոհար Գրիգորյան

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS