Լեռնային Ղարաբաղում սկսվել է հետպատերազմյան կարգավորման ամենացավոտ փուլը` տարածքների բաժանումը: Չճանաչված Արցախի Հանրապետության մի ամբողջ շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. դրանց հայ բնակիչները ստիպված են լքել իրենց տներն ու հեռանալ` իրենք էլ չգիտեն, թե ուր: «Կոմերսանտի» թղթակից Ալեքսանդր Չեռնիխը վերադարձել է Ուխտասար գյուղ. մեկ ամիս առաջ նա այնտեղ էր պատերազմի ընթացքում: Ինչպես պարզվել է, նրան հաջողվել է հասնել գյուղի գոյության վերջին օրը:
«Այն, ինչ ունեինք, մեր իշխանությունները չկարողացան պահել»
Նոյեմբերի վերջին Ստեփանակերտը ծածկված էր խիտ մառախուղներով: Տեսանելիությունը մի քանի մետրից ավել չէր, բայց գուցե դա ավելի լավ էր. սպիտակավուն մշուշը նրբորեն ծածկում է ռմբակոծված պատերն ու այրված ավտոմեքենաները: Եթե ուշադիր չես նայում, քաղաքը սովորական քաղաք է: Գեղեցիկ: Սակայն գլխավոր հրապարակում անզոր է նույնիսկ մշուշը: Փախստականներով ավտոբուսներն այստեղ են ժամանում յուրաքանչյուր կես ժամը մեկ: Ոմանք տուն են վերադառնում տարհանումից հետո, ոմանք եկել են Ստեփանակերտ, քանի որ իրենց տունն այլեւս չունեն: Տասնյակ մարդիկ տուփեր, պայուսակներ, հսկայական վանդակավոր պայուսակներ են բեռնաթափում` անընդհատ բախվելով միմյանց մառախուղի մեջ: Նորածինները ճչում են, իսկ մեծահասակները` լաց լինում` գրկախառնվելով իրենց հարազատների հետ: «Ես գնացել էի Երեւան, որտեղ իմ ծանոթների ծանոթները պատերազմի ընթացքում մեզ անվճար բնակարան էին տրամադրել,- պատմում է Դիանան:- Մեր հարեւանների հետ (նկատի ունի Ադրբեջանը) ոչ մի երաշխիք չկա, որ այս խաղաղությունը երկար կտեւի: Ես գիտեմ, թե ինչի մասին եմ խոսում, նրանց պատճառով ես արդեն երեք անգամ փախստական եմ»: Դիանան ծնվել է Խորհրդային Բաքվում, Սումգայիթի ջարդերից հետո նրա ընտանիքը 1988 թվականին փախել էր քաղաքից: «Մայրիկս Շահումյանից էր, մենք որոշեցինք տեղափոխվել այնտեղ: 1992-ին մեզ այնտեղից էլ վտարեցին,- հիշում է կինը,- մենք սկսեցինք ապրել Ստեփանակերտում, բայց պատերազմն այստեղ էլ հասավ: Նա խոստովանում է, որ այժմ ցանկանում է Ղարաբաղից Հայաստան գնալ, եւ միգուցե` ավելի հեռու. «Այն, ինչ մենք ունեինք, մեր իշխանությունները չկարողացան պահել: Ամոթ է եւ ցավալի, որ ամեն ինչ այսպես ավարտվեց»:
Քաղաքում փախստականները հատկապես շատ են հարեւան Ասկերանի շրջանից. Ադրբեջանում այն Աղդամ են կոչում: Աղդամ ուրվական քաղաքը եւ դրա հարակից տարածքներն առաջիններից էին, որ պետք է անցնեին Ադրբեջանին: Ղարաբաղյան առաջին պատերազմից անցած երեք տասնամյակի ընթացքում այս շրջանը բնակեցվել էր հայերով, եւ այժմ նրանք զանգվածաբար լքում են գյուղերը: Վերջնաժամկետը նոյեմբերի 20-ն է:
«Հիմա` ուր պատահի»
Հենց այդտեղ` հրապարակում, մենք տաքսու վարորդ ենք գտնում, որը համաձայնում է մեզ տանել լքված շրջան: Ստեփանակերտի կենտրոնից մենք ընդամենը կես ժամում հասնում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նոր սահման: «Արցախն այնքան փոքր է դարձել,- հառաչում է տաքսու վարորդը:- Աղդամ հասնելուց մի քանի կիլոմետր առաջ մենք շրջվում ենք դեպի հողային ճանապարհ եւ գնում դեպի Ուխտասար գյուղ: Այն ընդամենը քսան տարեկան է, այստեղ վերաբնակիչներ են ապրում: Պետությունը վարկեր էր տրամադրում տներ կառուցել ցանկացողներին` սահմանամերձ տարածքները բնակեցնելու համար. մարդիկ աստիճանաբար տեղավորվում էին, այգիներ էին տնկում, երեխաներ ծնում եւ թաղում ծերերին: Վերաբնակիչները բնիկներ էին դարձել, մի սերունդ էր մեծացել, որի համար Ուխտասարն իրենց հայրենիքն էր դարձել:
Մենք այստեղ արդեն եղել էինք մեկ ամիս առաջ` պատերազմի ընթացքում: Այդ ժամանակ գյուղում անընդհատ դղրդյուն էր. Ադրբեջանը գնդակոծում էր մոտակայքում գտնվող ՀՕՊ զորամասը, հայերը պատասխան կրակ էին բացում: Ուխտասարն ամբողջովին դատարկ էր. կանանց եւ երեխաներին տարհանել էին, տղամարդիկ գնացել էին ռազմաճակատ, գյուղում մնացել էր մի քանի ալեհեր տարեց: Նրանք լրագրողներին խաղող եւ նուռ էին հյուրասիրում, հաճույքով լուսանկարվում էին կալաշնիկովներով եւ հպարտորեն պատմում էին, թե ինչպես են ամեն գիշեր գնում լեռնանցքները պահելու: Ռազմական կեցվածքով այս հզոր պապիկները համոզված էին մոտալուտ հաղթանակի մեջ եւ պահանջում էին, որպեսզի պատերազմից հետո լրագրողները պարտադիր հյուր գան իրենց` «գինի խմելու, նուռ ուտելու»:
Գյուղի մատույցներում հանդիպում ենք նրանցից մեկին: Ընդամենը մեկ ամսվա ընթացքում Խաչիկը տասը տարով ծերացել էր. ուսերը կուչ էին եկել, հայացքը խամրել էր, ձեռքսեղմումը` թուլացել: Նա այլեւս չէր ցանկանում խոսել լրագրողների հետ: «Եւ ո՞ւր հիմա: Հիմա` ուր պատահի,- զայրացած պատասխանում է նա` իրերը բանակային պարկի մեջ տեղավորելով։- Քաղաքական գործիչները մեզ այդքան ասում էին` «մեր Ղարաբաղը, մեր հայ ժողովուրդը»: Դե ինչ, շնորհակալություն Ղարաբաղի համար, շնորհակալություն հայ ժողովրդի համար: Վերջ, բավական է. Դավաճանեցին մեզ, վաճառեցին»: Կատուն պտտվում է նրա ոտքերի տակ, տան պատին կալաշնիկով է հենած: Խաչիկը վերցնում է այն, գլխով անում, հրաժեշտ տալիս ու մտնում տուն: Գործընկերոջ բջջային հեռախոսը զանգում է. SMS է եկել ռուսական օպերատորից` «Բարի գալուստ Ադրբեջան»:
-
Վահե Էնֆիաջյանը և Արման Աբովյանը հանդիպում ունեցան բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների հետ
10-09-2020, 14:52 -
Տոկոսների, վարկերի տակ ճռռում ենք, խնդրում ենք՝ մի ելք գտնեն. ակիցայի մասնակից (Տեսանյութ)
3-09-2020, 11:59 -
Սահմանները չբացելու դեպքում ցույցերը շարունակական կլինեն. Քաղաքացիները կառավարությունից հստակ պատասխան են սպասում (Տեսանյութ)
3-09-2020, 11:55 -
ՀՀ ոստիկանները վնասազերծել են ազգությամբ ադրբեջանցի Իրանի քաղաքացու․ նա կալանավորված է
21-07-2020, 12:28 -
«ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կայքը Հայաստանում ապատեղեկատվություն է տարածում COVID-19-ի մասին». openDemocracy
29-05-2020, 11:54 -
Արցախի ՊԲ-ում հարվածային անօդաչու թռչող սարք են փորձարկել
20-05-2020, 12:30 -
7 խաղ կարանտինի ժամանակ երեխաներին զբաղեցնելու համար (տեսանյութ)
16-05-2020, 12:26 -
Փաշինյանը կոչ է անում խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին
13-05-2020, 12:07