
Իրանն ու Ռուսաստանը շուտով կավարտեն 20-ամյա համապարփակ համագործակցության մասին փաստաթղթի շուրջ աշխատանքները, ըստ ILNA գործակալության, հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն։
«Մենք արտաքին քաղաքական նոր ծրագիր ունենք․ հարևան երկրների հետ 20-ամյա համագործակցության համաձայնությունների կնքման ճանապարհային քարտեզ։ Գործընթացը Ռուսաստանի հետ գրեթե ավարտվել է»,- ասել է Հաթիբզադեն։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հավելել է, որ խոսք է գնում Չինաստանի հետ 25 տարով համապարփակ համագործակցության պայմանագրին նման փաստաթղթի մասին։
Նշենք, որ նոյեմբերի 16-ին Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել էր, որ իրանական կողմը պատրաստ է Ռուսաստանի հետ համապարփակ համագործակցության երկարաժամկետ համաձայնագիր կնքել: