
Որպես տարածաշրջանային անվտանգությունն ապահովող առանցքային կառույց՝ ՀԱՊԿ-ի դերակատարումը մեծանալու է։ Գլոբալ անկայունության ֆոնին աճելու է նաև կազմակերպության ներդրած ջանքերի պահանջարկը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ՀԱՊԿ-ը, որպես տարածաշրջանի՝ իր պատասխանատվության գոտում անվտանգության, կայունության ապահովման առանցքային կառույց, իրականում ավելի է ամրապնդվում։ Ակնհայտ է, որ գլոբալ անկայունության պահպանման, տարածաշրջանային հակամարտությունների սրման պայմաններում ՀԱՊԿ-ի դերն ու նրա գործառույթների պահանջարկը մեծանալու է»,- ասել է Զախարովան։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Ղազախստանում ծավալված իրադարձությունների ժամանակ ՀԱՊԿ-ը ցուցաբերել է արագ, վճռական և իրավական դաշտի սահմաններում գործելու ունակություն։
«ՀԱՊԿ-ի փորձը մեծ պահանջարկ ունի, այն մանրակրկիտ վերլուծության կենթարկվի՝ առաջին հերթին կազմակերպության պատասխանատվության գոտում ապակառուցողական արտաքին միջամտության փորձերին դիմակայելու համար դաշնակիցների համատեղ ջանքերը կատարելագործելու նպատակով»,- ասել է նա։