
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հինգշաբթի օրը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում կայացած հանդիպմանը քննարկել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրագործման ընթացը, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկի, տարածաշրջանում տնտեսական կապերի ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
«Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատել 3+3 խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի երկրորդ հանդիպման շուտափույթ անցկացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նախարարները քննարկել են Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների իրականացման հետագա քայլերը, որը ստորագրվել է այս տարվա փետրվարի 22-ին երկու երկրների ղեկավարների կողմից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ։
Բացի այդ, կողմերն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի մի շարք հարցերի։