
Թուրքիայում դատարանը վճռել է ձերբակալել երկու նախկին պետական ծառայողի 2007 թվականին ծագումով հայ լրագրող Հրանտ Դինքի սպանության առնչությամբ, հաղորդում է Cumhuriyet թերթը:
Խոսքը վերաբերում է ժանդարմերիայի հետախուզության երկու սպաներին՝ Վեյսալ Շախինին եւ Վոլքան Շախինին, որոնք տեղյակ էին, սակայն չէին հայտնել Դինքի սպանության ծրագրերի մասին:
Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում «Ակոս» շաբաթաթերթի գլխավոր գրասենյակի դիմաց: Օգուն Սամանթ անունով 17-ամյա գործազուրկ երիտասարդ տղամարդը խոստովանել է սպանությունը եւ 2011 թվականին դապարտվել շուրջ 23 տարվա ազատազրկման:
Սպանության հետաքննությունը ցույց է տվել, որ անվտանգության ուժերը տեղյակ էին Դինքի սպանության նպատակով դավադրության մասին, սակայն քայլեր չեն ձեռնարկել:
Հրանտ Դինքի սպանության գործով հերթական լսումները նշանակվել են հունվարի 8-ին: