TOP նոր
» » «Հյուսիսային հոսք-2»․ Գերմանիան կարողացավ համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ գազատարի գործարկման ուղղությամբ

«Հյուսիսային հոսք-2»․ Գերմանիան կարողացավ համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ գազատարի գործարկման ուղղությամբ

22-07-2021, 13:33 Դիտումներ: Աշխարհ
22 Հուլիս 2021, 13:33 - NovostiNK
«Հյուսիսային հոսք-2»․ Գերմանիան կարողացավ համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ գազատարի գործարկման ուղղությամբ


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին հեռախոսով զրուցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են նաև «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման նախագիծը։

Պուտինն ու Մերկելը, Կրեմլի հաղորդմամբ, գոհունակություն են հայտնել «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման ավարտի կապակցությամբ:

«Ռուսաստանի նախագահը նշել է բացառապես առևտրային բնույթ կրող, Գերմանիայի և Եվրամիության էներգետիկ անվտանգության ամրապնդմանն ուղղված այս ծրագրի իրականացմանը գերմանական կողմի հետևողական նվիրվածությունը: Անգելա Մերկելը զեկուցել է Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի հետ վերջերս ԱՄՆ-ում կայացած բանակցությունների ընթացքում գազատարի շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման արդյունքների մասին: Վլադիմիր Պուտինը համապատասխան մեկնաբանություններ է արել»,-հայտնում է Կրեմլը։

Օրերս Անգելա Մերկելը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ նախագահ Ջո Բայդենի հետ քննարկել էր «Հյուսիսային հոսք 2» գազատարի հարցը, որն առաջնային հարց է սեպտեմբերին պաշտոնից հեռացող Մերկելի համար։

Ահա նախօրեին արդեն ԱՄՆ-ը և Գերմանիան փոխզիջման են եկել վիճահարույց «Հյուսիսային հոսք- 2» գազատարի շուրջ։ Այս մասին ասվում է երկու երկրների կողմից չորեքշաբթի օրը հրապարակված համատեղ հայտարարության մեջ:

Ո՞րն է ԱՄՆ-Գերմանիա փոխզիջումը՝ «Հյուսիսային հոսք-2»-ի հարցում

Երկու երկրները պայմանավորվել են աջակցել Ուկրաինային և պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե նա փորձի էներգիայի պաշարներն օգտագործել աշխարհաքաղաքական լծակներ ստանալու համար:

«ԱՄՆ-ն և Գերմանիան միասնական են վճռականությամբ՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել իր ագրեսիայի և չարամիտ գործողությունների համար` պատժամիջոցների և այլ գործիքների միջոցով», - ասվում է հայտարարության մեջ:

«Եթե Ռուսաստանը փորձի էներգիան որպես զենք օգտագործել կամ հետագա ագրեսիվ գործողություններ կատարել Ուկրաինայի դեմ, Գերմանիան ազգային մակարդակով գործողություններ կձեռնարկի և կձգտի արդյունավետ միջոցներ ձեռնարկել եվրոպական մակարդակում, ներառյալ պատժամիջոցները՝ սահմանափակելու Ռուսաստանի արտահանման հնարավորությունները դեպի Եվրոպա էներգետիկ ոլորտում՝ ներառյալ գազը և (կամ) տնտեսապես համապատասխան այլ ոլորտներում», - ասվում է համաձայնության մեջ:

Գործարքի շրջանակներում Գերմանիան համաձայնել է ներդրումներ կատարել Ուկրաինայում և ակտիվորեն ապահովել, որ Մոսկվան և Կիևը երկարացնեն գազի տարանցման համաձայնագիրը:
Բացի այդ, Գերմանիան և ԱՄՆ-ը 1 միլիարդ դոլար (0,85 միլիարդ եվրո) ներդրում կկատարեն «Կանաչ ֆոնդում»`Ուկրաինայի կանաչ-տեխնոլոգիական ենթակառուցվածքների խթանման համար` ներառյալ վերականգնվող էներգիան և հարակից արդյունաբերությունները՝ նպատակ ունենալով բարելավել Ուկրաինայի էներգետիկ անկախությունը:

«Գերմանիան նախնական նվիրատվություն կտրամադրի հիմնադրամին առնվազն 175 միլիոն դոլար և կաշխատի առաջիկա բյուջետային տարիներին իր պարտավորությունների երկարացման ուղղությամբ», - նշված է համաձայնագրում:

Ինչպիսի՞ն էին փոխզիջումների արձագանքները

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը թվիթերում համաձայնագիրը անվանել է «կառուցողական», հավելելով, որ կաջակցեն Ուկրաինային` կառուցելու կանաչ էներգետիկ սեկտոր և աշխատեն ապահովել գազի տարանցումը Ուկրաինայի տարածքով հաջորդ տասնամյակում։

ԱՄՆ սենատի արտաքին հարցերով հանձնաժողովի անդամ, հանրապետական Թեդ Քրուզը հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք 2» գազատարի շուրջ ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև գործարքը կլինի Ռուսաստանի հաղթանակը և աղետ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների համար։ Նրա կարծիքով, «Եվրոպան շարունակելու է ենթարկվել ռուսական էներգետիկ շանտաժին»:

Ուկրաինան, Լեհաստանը քննադատում են «Հյուսիսային հոսք 2»-ով Գերմանիայի և ԱՄՆ-ի կողմից կնքված գործարքը, որոնք նախագիծն ընկալում են որպես անվտանգության սպառնալիք։

Չորեքշաբթի երեկոյան տարածված համատեղ հայտարարության մեջ երկրների արտգործնախարարներ Դմիտրո Կուլեբան և Զբիգնև Ռաուն գործարքի կնքումը համարեցին «անբավարար», ասելով, որ Ուկրաինան և Լեհաստանը կաշխատեն միասին և գործընկերների հետ՝ «Հյուսիսային հոսք-2»-ին հակազդելու համար, մինչև լուծումներ մշակվեն:

ԱՄՆ պետդեպարտամենտի արձագանքը

«Հյուսիսային հոսք 2»-ը չի սկսի գործել շինարարության ավարտից անմիջապես հետո, անհրաժեշտ են լրացուցիչ քայլեր: Այս մասին հատուկ ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը:

«Մենք հասկանում ենք, որ գազատարը շատ մոտ է ավարտին, շինարարության առումով այն կառուցված է ավելի քան 95%-ով: Բայց դա չի նշանակում, որ դրա միջով գազը անմիջապես հոսելու է: Կան մի շարք լրացուցիչ քայլեր, որոնք անհրաժեշտ է իրականացնել, որպեսզի այն սկսի գործել», - ասել է նա:

Ինչպիսի՞ն է ներկայումս «Հյուսիսային հոսք-2»-ի վիճակը

«Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումն ավարտված է գրեթե 98%-ով և մինչ այժմ այն արժեցել է ավելի քան 9 մլրդ եվրո: Դա մոտավորապես կկրկնապատկի գոյություն ունեցող «Հյուսիսային հոսք» գազատարի հզորությունը, որը գործում է 2011 թվականից, երբ սկսվեցին «Հյուսիսային հոսք 2»-ի շինարարական աշխատանքները:

Գազատարի շինարարությունը մեկնարկեց այն ժամանակ, երբ Ռուսաստանը դեռ G8-ի անդամ էր և մինչև Ղրիմի «բռնակցումը» և Ուկրաինայում հակամարտությունները, ինչպես ասում են եվրոպացիները:

Ակնկալվում է, որ համաձայնագրի շրջանակներում կչեղարկվեն Կոնգրեսի կողմից հաստատված պատժամիջոցները՝ ծրագրի հիմքում ընկած շվեյցարական «Nord Stream AG» ընկերության և նրա գլխավոր գործադիր տնօրենի նկատմամբ:

Նշենք, որ ի սկզբանե «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկումը նախատեսված էր 2019-ի վերջին, սակայն ԱՄՆ պատժամիջոցների պատճառով այն ստիպված էր հետաձգվել մի քանի անգամ:

Տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարության ավարտը նախատեսված է 2021 թվականի օգոստոսին: Մագիստրալի երկու գծերը կկապեն Ռուսաստանի և Գերմանիայի ափերը: Ծրագիրը ֆինանսավորել են վեց երկրներ՝ Ռուսաստանը, Գերմանիան, Նիդեռլանդները, Ֆրանսիան, Ավստրիան և Միացյալ Թագավորությունը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS