TOP նոր
» » » «Ես հպարտ եմ, որ մենք՝ հայերս, լինելով փոքր, միշտ մտածում ենք մեծ բաների մասին». Վարդան Գրեգորյան

«Ես հպարտ եմ, որ մենք՝ հայերս, լինելով փոքր, միշտ մտածում ենք մեծ բաների մասին». Վարդան Գրեգորյան

20-04-2021, 08:30 Դիտումներ: Աշխարհ » Սփյուռք
20 Ապրիլ 2021, 08:30 - NovostiNK
«Ես հպարտ եմ, որ մենք՝ հայերս, լինելով փոքր, միշտ մտածում ենք մեծ բաների մասին». Վարդան Գրեգորյան


Աշխարհի տարբեր անկյուններում ապրող շատ հայտնի հայեր , հայկական կազմակերպություններն ու անգամ միջազգային մամուլը ափսոսանքով տարածեցին ակադեմիկոս, մանկավարժ, պատմաբան, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի մահվան լուրը:

«Այո, մենք կորցրել ենք ոչ թե մի հայ մտավորականի, այլ` մեկին , ով հետաքրքրված էր հայ իրողությամբ, այսինքն մինչեւ վերջ հայ էր , մասնակից էր ամեն ինչին »,- ասում է Պերճ Թյուրաբյանը:

Պերճ Թյուրաբյանը կատալոգեր է աշխատում Նյու Յորքի հանրային գրադարանում արդեն քսաներկու տարի: Ինքն էլ Վարդան Գրեգորյանի մահվան լուրը լսել է ու թարմացրել հիշողությունները: Այսօրվա պես է հիշում, թե ինչպես ԱՄՆ-ում մի օր պատահաբար հանդիպեցին փողոցում , նայեցին իրար աչքերի մեջ ու սկսեցին զրուցել:

«Եվ խոսեցի նրա հետ, ասացի, որ սովորում եմ Կոլումբիայի համալսարանում գրադարանագիտություն: Ասաց՝ ընտրե՞լ ես քո ճյուղը: Պատասխանեցի՝ դեռ ոչ: Ինքն էլ պատասխանեց՝ դարձիր կատալոգեր եւ մենք քեզ կընդունենք Նյու Յորքի հանրային գրադարանում, որովհետեւ կարիքն ունենք»,- պատմում է Թյուրաբյանը:

«Կատալոգեր դարձա, ոչ մինգամից, բայց Նյու Յորքի հանրային գրադարանում հայտնվեցի,- ասում է Պերճ Թյուրաբյանը: Այն ժամանակ ,երբ Գրեգորյանն այեւս գրադարանում չէր, սակայն նրա անունը դեռ շարունակում էր այնտեղ հնչել:

«Պիտի ասեմ, որ շատ ցավալի կորուստ է: Իմիջայլոց, երբ ես սկսեցի աշխատել Նյու Յորքի հանրային գրադարանում, իմ «յան» վերջավորությունը լսելով, մարդիկ ասում էին «Գրեգորյան»,- ժպիտով հիշում է Թյուրաբյանը:

Վարդան Գրոգորյանը ծնվել է թավրիզյան մի սովորական հայկական ընտանիքում, հետո՝ տեղափոխվել Բեյրութ ու արդեն քսաներկու տարեկանում՝ Միացյալ Նահագներ: Նա օվկիանոսը հատել էր որպես սովորական ներգաղթյալ , սակայն համառ ու նվիրված աշխատանքի, գիտելիքի շնորհիվ նրան հաջողվել է դառնալ Բրաունի համալսարանի առաջին օտարազգի նախագահը, հետագայում ռեկտորի պաշտոն ստանձնել Փենսիլվանիայի համալսարանում: 1981-1989 թվականներին նախագահել է Նյու Յորքի Հանրային գրադարանը, եւ նրա շնորհիվ գրադարանը հաղթահարել է խորը ժգնաժամն ու վերակագնել իր երբեմնի համբավը: Գրեգորյանը գրադարանը փրկելու հարցում իր մեծ ավանդը կարողանում էր խնամքով թաքցնել:

«Առաջին հերթին ուզում եմ ասել, որ ես անչափ ուրախ եմ, որ Նյու Յորքում եմ եւ` այստեղի մարդկանց պալատում: Նյու Յորքի հանրային գրադարանը աշխարհի ամենաժողովրդավար կառույցներից մեկն է, որը տալիս է տեղեկատվություն եւ գիտելիք , կրթություն մեր քաղաքացիներին, ներգաղթայալներին, բոլոր այցելուներին՝ աղքատ, թե` հարուստ: Այն հասանելի է բոլորի համար եւ պատահական չէ, որ 1913 թվականին Լենինը «Պրավդա»-ի մի հոդվածում գրել էր՝ Ռուսաստանը կարիք ունի մի այնպիսի բան ունենալ, ինչպիսին Նյու Յորքի Հանրային գրադարանն է»,- դեռ անցյալ տարի Նյու Յորքի հանրային գրադարանում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցառումներից մեկի ժամանակ անկեղծացել էր Գրեգորյանը:

«Մահացել է Նյու Յորքի հանրային գրադարանի փրկիչը». Վարդան Գրեգորյանի մահվան լուրը Նյու Յորք Թայմսն առաջինը տարածեց այս վերնագրով, իսկ Նյու Յորքի հանրային գրադարանի պաշտոնական էջում զետեղված է երկարաշունչ հայտարարություն՝ ափսոսանաքի ու երախտագիտության խոսքերով:

Վարդան Գրեգորյանը մտածում էր համամարդկային արժեքների մասին, սակայն երբեք չէր թարքցնում իր ամեմեծ սերն ու նվիրումը Հայրենիքին: Վերջին տարիներին ապրում էր նաեւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությամբ, հպարտանում, թե ինչպես հայությունը, ցեղասպանություն վերապրած լինելով, տվեց այնպիսի մեծություններ, որոնք այսօր աշխարհում ցեղասպանություն են փորձում կանխարգելել:

«Բայց փոքրիկ կրակի կայծը, որպես մեծ հրավառություն սկսեց տարածվել ամբողջ աշխարհում: Մարդիկ խոսում են քարտեզի վրա այն փոքրիկ կետի մասին, որը մենք կոչում ենք Հայաստան, Երեւան, որտեղից եւ սկսվեց այն զգացումը, որ սպանությունը չունի սահմաններ, որ ռասիզմը գույն չունի: Շնորհակալ եմ Նուբար եւ Ռուբեն ձեր այս տեսլականի համար: Մենք սա դարձրեցինք ոչ թե հայկական, այլ` միջազգային շարժում:Ես հպարտ եմ, որ մենք, լինելով փոքր, միշտ մտածում ենք մեծ բաների մասին»,- մի առիթով ասել էր Վարդան Գրեգորյանը:

«Ես ինձ հպարտ ու հաղթական եմ զգում, որ մի աղքատ տղա՝ Թավրիզից, ով չափից դուրս աղքատ էր, որ անգամ ի վիճակի չէր գնել կամ պարտքով անգամ գիրք վերցնել, ահա միլիոնավոր գրքեր է տալիս նյույորքցիներին»,- իր հայտնի «Տուն տանող ճանապարհը» գրքում գրել է Վարդան Գրեգորյանը, ով, լինելով սովորական ներգաղթյալ, ԱՄՆ -ում կարողացավ հասնել իր երազանքներին, հայտնվել ամենանշանակավոր մարդկանց միջավայրում ու կյանքի վերջին էջը փակել իբրեւ աշխարհի ամենահայտնի ու ազդեցիկ հայերից մեկը:

Վարդան Գրեգորյանին ու նրա գործունեությանն այս շաբաթ անդրադարձել են Washington Post-ը, New York Times- ը, CNN-ն ու մի շարք այլ հեղինակավոր մեդիա հարթակներ:

«Ամերիկայի ձայն»


Աղբյուրը՝ armradio

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS