
Կոլումբիայում ավտոբուսի հրդեհման հետևանքով զոհվել է 32 երեխա: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը` հղում անելով «El Heraldo» պարբերականին:
Աղբյուրի փոխանցմամբ` միջադեպը տեղի է ունեցել Մագդալենա դեպարտամենտում: Երեխաներին տեղափոխող ավտոբուսը այրվել է:
Բոլոր զոհերը երեխաներ են: Նրանցից 30-ը մահացել է դեպքի վայրում, 2-ը՝ ավելի ուշ, հոսպիտալում: Տասից ավելի երեխաներ էլ այրվածքներ են ստացել:
Դեպարտամենտի ոստիկանության հրամանատար Ադան Լեոնայի խոսքով՝ «ավտոբուսը փոխադրել է երեխաների, որոնք տուն էին վերադառնում կրոնական միջոցառումից հետո»: Ողբերգությունը տեղի է ունեցել կիրակի օրը՝ մոտավորապես ժամը 21-ին:
Տեղի ունեցածի պատճառները դեռևս անհայտ են: Իշխանությունները ենթադրում են, որ կրակը կարող էր առաջանալ կամ ավտոբուսի շարժիչի տեխնիկական անսարքության, կամ այն պատճառով, որ սրահում կարող էին լինել դյուրավառ հեղուկով լի շշեր:
Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին:
«Ես սարսափելի ցավ եմ զգում տեղի ունեցածի համար՝ որպես հայր և որպես կոլումբացի»,- նշել է երկրի ղեկավարը: