TOP նոր
» » » Հայոց ցեղասպանության պատմության դասավանդումը պարտադիր դարձավ ԱՄՆ ևս մեկ նահանգում

Հայոց ցեղասպանության պատմության դասավանդումը պարտադիր դարձավ ԱՄՆ ևս մեկ նահանգում

14-01-2022, 16:36 Դիտումներ: Աշխարհ » ԱՄՆ
14 Հունվար 2022, 16:36 - NovostiNK
Հայոց ցեղասպանության պատմության դասավանդումը պարտադիր դարձավ ԱՄՆ ևս մեկ նահանգում

Ամերիկայի Միացյալ Նահանգների Մասաչուսեթս նահանգի միջին և ավագ դպրոցներում ցեղասպանության ուսուցումը այսուհետ կլինի պարտադիր: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:

2021 թ. փետրվարի 2-ին մի խումբ օրենսդիրներ Մասաչուսեթսի Սենատի և Ներկայացուցիչների պալատի հաստատմանն էին ներկայացրել ցեղասպանության կրթության վերաբերյալ No. 692 օրինագիծը, որը նահանգապետի կողմից ստորագրվեց 2021 թ. դեկտեմբերի 2-ին՝ այդպիսով ստանալով օրենքի ուժ: Այն կիրառության մեջ կմտնի ուսումնական նոր տարում՝ 2022 թ. հուլիսի 1-ից սկսած:

Օրինագիծը 12 տարվա հետևողական գործունեության արդյունք է: Այն նախագծել էր սենատոր Մայքլ Ռոդրիգեսը, որը սկզբնական փուլում ներառել էր միայն Հրեից ցեղասպանության պատմությունը: Սակայն, տեսնելով Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում մարդկության դեմ իրագործված հանցագործությունների վերաբերյալ ամերիկյան հասարակության անտեղյակությունը՝ ընդլայնում է օրինագիծը՝ ներառելով նաև 20-րդ դարի մյուս ցեղասպանությունները: Օրենքը նախատեսում է. «Հասնել և նպաստել մարդու համապարփակ իրավունքների ուսուցմանը՝ հատուկ ուշադրություն դարձնելով ցեղասպանության անմարդկայնության ուսումնասիրությանը, ներառելով, բայց չսահմանափակվելով Հոլոքոստով, Հայոց ցեղասպանությամբ, Ուկրաինայի սով – ցեղասպանությամբ, որը հայտնի է Հոլոդոմոր անունով, Պոնտոսի հույների ցեղասպանությամբ, 17-19-րդ դդ. ստրկավաճառության նպատակով աֆրիկացիների բռնի փոխադրմամբ Ամերիկա, Ամերիկա մայրցամաքում տեղաբնիկների նկատմամբ իրականացված բռնություններով և Բոսնիայում, Կամբոջայում, Ռուանդայում, Սուդանում բոլորովին վերջերս տեղի ունեցած բռնություններով»:

Օրենքը սահմանում է, որ ցեղասպանության պատմության ուսուցումը նահանգում պետք է կատարվի պատմության և հասարակագիտության ուսումնական ծրագրերի շրջանակներում, այլ ոչ որպես առանձին դպրոցական առարկա՝ միևնույն ժամանակ պարզաբանելով դասավանդման, հատուկ դպրոցական ձեռնարկների և գրքերի պատրաստման ֆինանսավորումը:

ՀՑԹԻ-ի տնօրինությունը ողջունել է օրենքի ընդունումը և շնորհակալական նամակ հղել սենատոր Ռոդրիգեսին: Նամակում շեշտվել է ցեղասպանության կրթությունը որպես հանցագործությունը կանխարգելող գործոն, դրա կարևորությունը Հայաստանի և հայ ժողովրդի համար, պատրաստակամություն հայտնելով նյութերով օժանդակելու Մասաչուսեթսի կրթության բաժանմունքին և նահանգի կրթական հաստատություններին:

Նշենք, որ ԱՄՆ 19 նահանգներ արդեն գործադրել են նման օրենքներ՝ կարևորելով ցեղասպանության, մարդկության դեմ իրագործված հանցագործությունների պատմության ուսուցումը՝ որպես մարդու իրավունքները հարգող, հանդուրժող և պատասխանատու քաղաքացիներ դաստիարակելու նախապայման: Ամերիկայի հայկական համագումարի Մասաչուսեթսի նահանգային նախագահ Հերման Փուրությանը օրենքի ընդունման կապակցությամբ հայտնել է, որ ծնված լինելով Ստամբուլում, գիտե, թե ինչ է նշանակում մեծանալ մի երկրում, որտեղ ոչ միայն ցեղասպանության մասին չի դասավանդվում, այլև այն ժխտվում է: Կարևորելով նման կարգի նահանգային օրենքների ընդունումը, նա նշում է. «Ցեղասպանության մասին իմացել եմ, երբ 20 տարեկանում եկել եմ այս [ԱՄՆ] երկիր»[5]:

Հավելենք, որ ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի 2019 թ. հոկտեմբերի 29-ի «Հաստատելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Միացյալ Նահանգների արձանագրությունները» վերնագիրը կրող (H.RES. 296) և Սենատի դեկտեմբերի 12-ի նույնաբովանդակ «Արտահայտելով Սենատի այն միտքը, որ Միացյալ Նահանգների քաղաքականությունն է ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը պաշտոնական ճանաչման և հիշատակման միջոցով» (S.Res.150)բանաձևերն ևս շեշտադրում են Հայոց ցեղասպանության կրթության անհրաժեշտությունը: Երկու բանաձևերն էլ այս կապակցությամբ Միացյալ Նահանգների քաղաքականությունն են հայտարարում Հայոց ցեղասպանության ոգեկոչումը, Հայոց ցեղասպանության փաստերի՝ ներառյալ Միացյալ Նահանգների մարդասիրական օգնության, մարդկության դեմ իրագործված հանցագործությունների ու Հայոց ցեղասպանության միջև առնչությունների վերաբերյալ կրթությունը և հանրային իրազեկումը:

2021 թ. ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ մասնավորապես նշվում է. «Մենք ոգեկոչում ենք Մեծ եղեռնի զոհերին, որպեսզի տեղի ունեցած սարսափները չկորչեն պատմության մեջ: …եկեք մեր հայացքը հառենք ապագային և պատկերացնենք այն աշխարհը, որն ուզում ենք ստեղծել մեր երեխաների համար։ Մի աշխարհ, որն աղտոտված չէ մոլեռանդության և անհանդուրժողականության ամենօրյա չարիքներով, աշխարհ, որտեղ մարդու իրավունքները հարգված են, և որտեղ բոլոր ժողովուրդները կարող են ապրել արժանապատիվ ու անվտանգ կյանքով»։ Հույս ունենք, որ երկրի գործադիր և օրենսդիր մարմինների նման հիմնավորումները և բանաձևերը կխթանեն մյուս նահանգներին ևս ցեղասպանության պատմության դասավանդումը պարտադիր դարձնել հանրակրթական դպրոցներում:

Նշենք նաև, որ տարբեր երկրների կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման փաստաթղթերը նույնպես ունեն դրա պատմությունը հանրայնացնելու կամ կրթական ծրագրերում ընդգրկելու մասին առաջարկություններ: Ամենահամապարփակն այս առումով Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի 2016 թ. հունիսի 2-ի բանաձևն է: Ճանաչելով Օսմանյան կայսրությունում իրագործված հայերի և քրիստոնյա այլ ազգերի ցեղասպանությունները՝ Գերմանիան միաժամանակ ընդունում է Կայսերական Գերմանիայի մեղսակցությունը: Բանաձևում մասնավորապես նշվում է, որ Բունդեսթագը կոչ է անում դաշնային կառավարությանը ուշադրություն հատկացնել Հայոց ցեղասպանության հիշատակմանը՝ պարտավորեցնելով գերմանական դպրոցական, համալսարանական և քաղաքացիական կրթական համակարգին 20-րդ դարի էթնիկական հակամարտությունները հասկանալու համար ուսումնասիրել հայերի տեղահանությունը և բնաջնջումը՝ դրանք ներառելով ուսումնական ծրագրերում և փոխանցել հետագա սերունդներին: Փաստաթղթով այդ գործում կարևոր դեր է վերապահվում հատկապես ԳԴՀ երկրամասերին: Գերմանիայի Բունդեսթագը ողջունում է նաև հարցի արծարծմանն ու օժանդակությանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնություն: Նշվում է, որ իր իսկ պատմական փորձից ելնելով, Գերմանիան ընդունում է պատմության մութ էջերին անդրադառնալու դժվարությունը, այդուհանդերձ քաջալերում և կարևորում է դրանց անաչառ հետազոտումը[9]:

Նախքան փաստաթղթի ընդունումը, դեռևս 2015 թ. սեպտեմբերի 25-ին, ՀՀ Նախագահի հետ ունեցած հանդիպման ժամանակ Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության և մշակույթի նախարար Շտեֆան Դորգերլոն ներկայացնելով երկրամասում պատմության ուսուցիչների կողմից օգտագործվող որոշ ուղեցույցներ այս թեմայի վերաբերյալ շեշտել է. «Պետք է մարդկանց ասել, թե ինչ է պատահել իրականում, ասել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ»[10]՝ միաժամանակ նախագահին նվիրաբերելով Հայոց ցեղասպանության թեմայով հայ և գերմանացի աշակերտների կողմից գրված բանաստեղծությունների ժողովածու:

Ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների ու մարդու իրավունքների ոտնահարումների մասին դասավանդելը բարդ է, սակայն խիստ կարևոր, քանի որ ցեղասպանության ուսուցումն այդ հանցագործության կանխարգելման կարևոր միջոցներից է: Հայոց Ցեղասպանության՝ որպես ժամանակակից մեթոդներով և գաղափարախոսությամբ իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության պատմության բազմակողմանի դասավանդումը միջազգային լուրջ մարտահրավեր է, որի պատշաճ լուծումը կհանգեցնի հանցագործության ընդհանուր ճանաչողության բարձրացմանը, Հայոց ցեղասպանությունը համաշխարհային պատմության և հիշողության մաս դարձնելուն և խնդրի իրավական պատշաճ լուծմանը:

Ընտրեք տեսանյութ
Видео музыкальное окно
Фоторепортажи
    Follow NovostiNK on Twitter Каталог Yerevan-city.com  
RSS